Մանկության թանգարան (Բոգոտա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մանկության թանգարան
Տեսակմանկական թանգարան
Երկիր Կոլումբիա
ՏեղագրությունԲոգոտա
Հիմնադրվել էօգոստոսի 29, 1987
Քարտեզ
Քարտեզ

Մանկության թանգարան (իսպ.՝ Museo de los Niños), նախկին թանգարան, որը գտնվում էր Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայում։ 1987 թվականի օգոստոսի 29-ին հիմնադրել էր Մանկության թանգարանի հիմնադրամը՝ Բելիսարիո Բետանկուրայի ղեկավարությամբ։ Հաստատության գործունեությունն ուղղված էր երեխաներին գիտության, տեխնոլոգիաների, մշակույթի և արվեստի նվաճումներին ծանոթացնելուն։ Թանգարանը զբաղեցնում էր քաղաքի կենտրոնում գտնվող 8000 մ² տարածք ունեցող շինությունը, որտեղ տեղակայված էին ավելի քան 23 տարբեր մոդուլներ և հարյուրավոր անհատական ցուցանմուշներ։ Հաստատությունը տարեկան սպասարկում էր մոտ 150,000 այցելու, նրանց 69% -ը մինչև 11 տարեկան երեխաներ էին, որոնք մասնակցում էին «Սովորիր խաղալով» ծրագրին։ 2017 թվականին հիմնանորոգման անհրաժեշտության պատճառով քաղաքապետարանը որոշել է փակել թանգարանը[1][2]։ Ավելի ուշ այն վերածվել է երեխաների համար նախատեսված այգու, որի գլխավոր տեսարժան վայրերն են ցատկող տնակները, հեծանվային զբոսանքները և մրցարշավային ուղիները[3]։ Էքսկուրսիաներից բացի, Մանկության թանգարանն անցկացրել է վարպետության դասեր, արձակուրդների ընթացքում երեխաների համար հատուկ ծրագրեր և դպրոցների համար կազմակերպչական միջոցառումներ[4]։

Իր տասնհինգամյակին թանգարանը կոլումբիացի հայտնի երիտասարդ նկարիչներին հրավիրել է շենքի պատերը նկարազարդելու։ Արդյունքում ստեղծվել է 42 որմնանկարների հավաքածու, որոնք դարձել են Բոգոտայի տեսարժան վայրերից[5]։ Թանգարանի մեկ այլ շատ կարևոր ծրագիր էր «Համակարգչային ակումբը», որը միջազգային ծրագիր էր, որին աջակցում էին Intel կորպորացիան և Բոստոնի Գիտության թանգարանը։ Ծրագիրը ցածր եկամուտ ունեցող ընտանիքների երեխաներին սովորեցնում էր համակարգչային անիմացիայի, գրաֆիկական դիզայնի, ֆայլերի ստեղծման և խմբագրման հմտություններ՝ հասարակության մեջ թվային գրագիտության բացը հաղթահարելու համար։ Ռոբոտաշինության ներդրումը նույնպես այս ծրագրի մի մասն էր։

Երեխաներին օդագնացության հիմունքները սովորեցնելու համար թանգարանի արտաքին այգիներում կար իսկական Բոինգ 720 ինքնաթիռ՝ առանց վառելիքի, էլեկտրականության և շարժիչների։ Ինքնաթիռը թանգարանին էր նվիրել 1980-ականների կեսերին Կոլումբիայի խոշորագույն ավիաընկերությունը՝ Avianca-ն[4][5]։ Թանգարանն ուներ նաև մի սենյակ, որտեղ պատկերված էին քաղաքի ճանապարհները, որպեսզի երեխաներին սովորեցնեն ճանապարհային նշաններ և վարքագիծ փողոցներում մեքենա վարելիս կամ քայլելիս։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Cindy Castiblanco Herrera. «El Museo de los Niños será un megaparque con juegos de lujo». www.bogota.gov.co (իսպաներեն). Bogotá. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2023 թ․ մայիսի 18-ին.
  2. «¿Qué viene para el Museo de los Niños en Bogotá?». www.museoscolombianos.gov.co (իսպաներեն). Museos Colombianos. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2023 թ․ մայիսի 18-ին.
  3. «El parque temático que abrieron en donde estaba el Museo de los Niños». www.eltiempo.com (իսպաներեն). El Tiempo. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2023 թ․ մայիսի 18-ին.
  4. 4,0 4,1 David Rodríguez. «El último recorrido que realizaron los exguías del Museo de los Niños». www.eltiempo.com (իսպաներեն). El Tiempo. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2023 թ․ մայիսի 18-ին.
  5. 5,0 5,1 Cindy Castiblanco Herrera. «Museo de los Niños». www.viajandox.com.co (իսպաներեն). Viajandox. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2023 թ․ մայիսի 18-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մանկության թանգարան (Բոգոտա)» հոդվածին։