Կյորես (վեպ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կյորես
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրվեպ
ՀեղինակԱկսել Բակունց
Բնագիր լեզուհայերեն
Հրատարակվել է1936
ՎիքիդարանԿյորես

«Կյորես», հայ գրող Ակսել Բակունցի վեպը, որն առաջին անգամ տպագրվել է 1936 թվականին՝ «Եղբայրության ընկուզենիները» գրքույկի մեջ[1]։ Այդ երկու աշխատանքը գրողի կենդանության օրոք հրատարակված նրա վերջին երկերն են։ «Կյորեսի» բնագրի վերջում գրված է 35. VIII։ Բակունցը այն գրել է 1935 թվականի ամռանը, Գորիսում։ «Կյորեսը» նախապես կոչվել է «Գորիս և Կյորես», որից հետո Բակունցը գերադասելի է համարել «Կյորես» վերնագիրը։

1955 թվականին «Կյորեսը» փոքր կրճատումներով տպագրվել է գրողի «Երկերի միհատորյակի» մեջ, 1964 թվականին։ 1964 թվականին 1955 թվականի բնագիրը տպվել է «Երկերի երկհատորյակի» 2-րդ հատորում[2]։

Վեպը ենթարկվել է որոշակի ուղղումների։

Բակունցը վեպի բնաբան է վերցրել Կիկերոնի հայտնի խոսքերը՝ «O tempora, o mores...»(Օ ժամանակներ, օ բարքեր) և նրան ավելացրել Օ՜ Զանգեզուր, օ՜ Կյորես... տողերը՝

O tempora, o mores...
Օ՜ Զանգեզուր, օ՜ Կյորես...

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ որոշ աղբյուրների՝ վեպը գրելու միտքը Ակսել Բակունցին, հավանաբար, տվել է Եղիշե Չարենցը, որը ծրագրել էր Հայաստանի տարբեր մասերի վերաբերյալ բնութագրական երկեր ունենալ։ Այդ նպատակով Չարենցը որոշ հեղինակների խրախուսել է իրենց բնօրրանի մասին գրելու։ Չարենցը Երկիր Նաիրի վեպով տվել է առաջին օրինակը, որից հետո լույս են տեսել Վահան Թոթովենցի «Կյանքը հին Հռովմեական ճանապարհի վրա», Գուրգեն Մահարու «Մանկություն և պատանեկություն», «Երիտասարդության սեմին» երկերը, նաև «Այրվող այգեստաններ» վեպը, Մկրտիչ Արմենի «Հեղնար աղբյուրը»։ Այդ շարքի վեպերից է Ակսել Բակունցի «Կյորեսը»[3]։

Արձակագիրը վեպում ներկայացնում է Գորիս քաղաքի և Կյորես Շենի (գյուղ) կյանքը։ Աշխատության մեջ հնի ու նորի՝ Կյորեսի ու Գորիսի հակադրությունը արտահայտվում է մարդկանց կենցաղում, մտածողության մեջ, մշակույթում ու լեզվում։

Վեպում Բակունցը Կյորես է անվանում Գորիսի Շենը, այսինքն՝ փոքր բլուրների վրա, երեք ձորակներում, մեծ մասամբ ժայռերի մեջ կառուցված հին գյուղը, որը վեպը գրելու ժամանակ գոյություն է ունեցել և ապրել է իր վերջին ժամանակները։ Գորիս անունը գրողը տալիս է հարթավայրի վրայի նոր կառուցված գյուղաքաղաքին։

Վեպը գրելիս Բակունցն անընդհատ հարցուփորձ արել է Գորիսի Շենի՝ Կյորեսի, առավել տարեց բնակիչներին և վերցրել նրանցից փոքրիկ պատմություններ, Շենի նշանավոր մարդկանց մականուններ։ Բնութագրումների մյուս մասը Բակունցն ինքն է հիշել, մանկության և պատանեկության տարիներին ու հետո տարբեր առիթներով նա լսել է այդ մարդկանց մասին։

1960-ական թվականներին գրականագետները եղել են Գորիսում և պարզել, որ վեպում նշված գրեթե բոլոր անձինք իրական մարդիկ են եղել՝ մեծ մասամբ միևնույն կամ փոքր-ինչ այլ անուններով՝ Գյուրջի Օբին, Ցուլ Օհանը, Ղաթրինի Աղալոն, ժամհար Պարսեղը, Դարզի Վաները, Մալակրովնի Նիկոլայը, Կիզակով Իսակը և այլն։

Գրականագետները հայտնաբերել են նաև վեպում նկարագրված այն հին ճանապարհը, որը սկսվում է Շենից, գետի աջ ափով՝ ջրաղացների մոտով ձորից բարձրանում է ու հասնում այն տափարակը, որտեղ նախկինում եղել է Գորիսի շուկան՝

Մենք սկսեցինք հին ջրաղացներից, որոնք գետի աջ ափին, ընկուզենիների տակ և որտեղ ծերունի ջրաղացպանը, երբ չէր ննջում, պատմում էր Ցուլ Օհանի ժամանակներից, երբ ցորենն իբր թե հոնի կորիզների չափ էր և չկար այն հավի կուտը, որ շալակով ջաղաց էր բերել մի աղքատ կին։ Ապա անցանք նավթի պահեստի մոտով, որտեղից սկսվում էր քաղաքը և նկարագրեցինք հին շուկան՝ Գորիսի շուկայի արհամարհված ծայրը, որտեղ առևտուր անելը հավասար էր կոտր ընկնելուն[4]։
- Հատված վեպից

Գրականագետները պարզել են նաև, որ վեպում նկարագրվող Հյումբաթի ձոր թաղամասը տարեց կյորեսեցիները կոչել են Շաքարամին ձոր, նաև՝ Քյալա Օհանի ձոր, որին կից է Տոռողի ձորը՝ Շենի վերջին թաղամասը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Սոնա Մնացականյան | Ինչո՞ւ էր լաց լինում Կյորեսի լեզուն | Գրանիշ» (ամերիկյան անգլերեն). 2014 թ․ հուլիսի 7. Վերցված է 2024 թ․ մայիսի 18-ին.
  2. Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ, էջ 688
  3. Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ, էջ 691
  4. [http://www.eanc.net/EANC/library/Fiction/Original/Bakunts_Aksel/Stories_3.htm?page=29&interface_language=en Բակունց Ակսել՝ Վեպեր և վիպակներ]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]